կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Մխիթարյանը Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում. Վանեցյան

Մխիթարյանը Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում. Վանեցյան

ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական  Մեսրոպ Առաքելյանն անհեթեթ եւ անթույլատրելի հայտարարություն է արել Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆեդերացիան չի կիսում նրա կարծիքը:

«Այսօր ֆեդերացիայի անկախ կոմիտեների նախգահներից մեկը՝ Մեսրոպ Առաքելյանը, արել է մի անհեթեթ ու անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, որ Հեներիխ Մխիթարյանի թեւից պետք է հանենք ավագի թեւկապը: Ուզում եմ հայտարարել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է: Ֆեդերացիան չի կիսում, ավելին՝ դատապարտում է նման հայտարարությունը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ես կասեի՝ միակը: Նա Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում: Ազգային հավաքականում իր նվիրված խաղով նա ապացուցել է, որ արժանի կրում է թիմի ավագի դերը եւ կրելու այդ թեւկապը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ֆուտբոլային երկիր դառնալու համար պետք է «ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա»:

  • Կիսվել: