ուրբաթ, նոյեմբեր 22
22 / 11 / 2019
Տեղի է ունեցել Սերգեյ Համբարձումյանի «ԲԵԿՈՐՆԵՐ» ժողովածուի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Սերգեյ Համբարձումյանի «ԲԵԿՈՐՆԵՐ» ժողովածուի շնորհանդեսը

Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել պետական և հասարակական անվանի գործիչ, մեծ հայ, լուսահոգի Սերգեյ Համբարձումյանի «Բեկորներ»՝ հետմահու հրատարակված մտորումների փոքրիկ ժողովածուի շնորհանդեսը

 

Այսօր Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել պետական և հասարակական անվանի գործիչ, մեծ հայ, լուսահոգի Սերգեյ Համբարձումյանի «ԲԵԿՈՐՆԵՐ»՝ հետմահու հրատարակված մտորումների փոքրիկ ժողովածուի շնորհանդեսը, տեղեկանում ենք ՀՌՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը նշել է, որ այդ գրքի բեկորները նստած են Սերգեյ Համբարձումյանին ճանաչած յուրաքանչյուր մարդու մեջ:

«Ասեմ ավելին՝ այդ բեկորները վերարտադրվում են, նոր բեկորներ են ծնվում և ստեղծվում նրա հետ առնչություն ունեցած յուրաքանչյուրի մոտ: Եվ դա է երևի թե նրա հավերժ և հարատև լինելու գաղտնիքը: Նա հարատև է, որովհետև այդ բեկորները յուրաքանչյուրիս մեջ ծնվում են ամեն օր, ամեն վայրկյան, ամեն առիթի պարագայում: Սա մարդու հանճարեղության ցուցիչ է: Մենք բախտ ենք ունեցել առնչվելու և շփվելու հանճարեղ մարդու հետ: Հիշում եմ՝ մի օր խոսք գնաց 2028 թվականից: Ինքը միշտ մտածել է մեր վաղվա մասին: Նա ցանկացած օր հեղափոխական է եղել, այսօր էլ նա հեղափոխության ջատագովը կլիներ: Հեղափոխություն ամեն օր, ամեն վայրկյան՝ մտածելակերպի և ապրելաձևի մեջ: Մի մարդ, ով մի քանի տասնամյակներ առաջ մտածում էր տիեզերական վերելակի մասին, չէր կարող չլինել հեղափոխական: Մի վայրկյան անգամ չի թուլացել նրա պատասխանատվությունը և պահանջատիրությունը դեպի երկիր և բացարձակ որևէ կապ չի ունեցել, թե ով է երկրի ղեկավարը: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ իր կամքը, իր հզոր, ուժեղ ողնաշարը շատերիս համար եղել է կյանքի դաս, անգերազանցելի օրինակ, որը խորը հետք է թողել շատերի, այդ թվում՝ իմ մեջ»,- ընդգծել է նա:

Գրքում մտորումների տեսքով ներկայացված են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեգեյ Համբարձումյանին մտահոգող բազում խնդիրներ՝ սկսած մանուկների դաստիարակության և կրթման, մշակույթի և արվեստի, տնտեսության և քաղաքականության հարցերից մինչև գիտական նվաճումներ և դրանց հնարավոր հետևանքները մարդկության համար: Հեղինակը ընդհանրացնում է վերջին տարիների մտորումներն ու առաջարկները՝ ուղղված նաև երկրի նախկին և ներկա ղեկավարներին: 

«Իր ժողովածուի մեջ նա կտոր առ կտոր ցույց է տալիս և հառնում է որպես մեծ գիտնական, մեծ քաղաքացի, որպես չափից դուրս հայրենասեր մարդ, չափից դուրս գյումրեցի, չափից դուրս հայ մարդ: Ամեն մի տողում երևում է, թե ինչպիսին էր նա ուզում տեսնել Հայաստանի գիտությունը, կրթությունը, հայ երիտասարդության ապագան և նրանց գիտելիքները պաշարը: Եվ, իհարկե, այդ ամենը զուգակցվում է հայրենիքի նկատմամբ շատ ջերմ սիրով»,- ասել է ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը:

Վերոնշյալ գրքում ամփոփված են հեղինակի խոհերը Հայաստանի և ընդհանրապես աշխարհի մասին: Գրքի վերնագիրը՝ «Բեկորներ գլոբալ աշխարհի և համաշխարհային համագործակցության մասին», արդեն իսկ ընթերցողին հուշում է, որ նրանում հեղինակը չի սահմանափակվել միայն հայաստանյան խնդիրներին կատարված անդրադարձով:

Սերգեյ Համբարձումյանի տղան՝ Արմեն Համբարձումյանը, ներկաներին պատմել է, որ ժողովածուի մեջ տեղ են գտել վերջին 10-12 տարիներին գրած իր հոր մտորումները՝ գիտության, կրթության, հասարակայնության և ընդհանրապես կյանքի մասին: 

«Նա միշտ համարում էր, որ երկրի ղեկավարը պատասխանատվությունը յուրահատուկ է և միշտ աշխատում էր այդ հանգամանքը հասցնել իրենց՝ ուղղակի և գրավոր շփումների ժամանակ»,- հայտնել է նա:

 

Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը ծնվել է 1922թ. մարտի 17-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի), իրավաբան Ալեքսանդր Գեորգի Համբարձումյանի ընտանիքում։ 1938թ. Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1942թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1946թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ, իսկ 1952թ.-ից տեխնիկական գիտությունների դոկտոր է։ 1953թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Սերգեյ Համբարձումյանը 34 տարեկան հասակում՝ 1956թ.-ին, ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1964թ.՝ ակադեմիկոս։ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, 1977թթ.՝ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն։ 1975-1980թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահ, իսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989թ.-ից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: Նա 1943-1946թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1948թ.-ից՝ Երևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնականներ պաշտպանել են դոկտորական ու թեկնածուական թեզեր։ Համբարձումյանը 1977-1991թթ. եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։

Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համար: Նա ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունը, որի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալ: Սերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են նաեւ սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ: Իր աշակերտների հետ միասին Սերգեյ Համբարձումյանն առաջին անգամ մշակել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը»:

 

  • Կիսվել: