շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների՝ պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով. նախարար

Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների՝ պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով. նախարար

Ցավոք սրտի ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական միկրովիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:

Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:

Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին:

Վստահ եմ` Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների:

#Անվտանգ Ամանոր

#Ուրախ Ամանոր

Հ.Գ. Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռն է»:

  • Կիսվել: