չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Կարող եմ ուղիղ ասել՝ ձեր պահանջներից  ոչ մեկը չեմ կիսում. Փաշինյանը՝  ՀՅԴ երիտասարդներին

Կարող եմ ուղիղ ասել՝ ձեր պահանջներից ոչ մեկը չեմ կիսում. Փաշինյանը՝ ՀՅԴ երիտասարդներին

ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող և նստացույց անող ՀՅԴ երիտասարդները վարչապետի հետ զրույցում ասացին՝ հայտարարություն են տարածել, թե ինչու են պահանջում նախարարի հրաժարականը, ինչին ի պատասխան՝ վարչապետը հայտարարեց, որ համամիտ չէ այդ պահանջներին. «Ես կարող եմ ուղիղ ասել, ձեր պահանջներից և գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում»։

Բողոքի մասնակիցներից մեկը Փաշինյանին խնդրեց Արայիկ Հարությունյանին փոխանցել ժետոն, որ այսօր մետրոյով գնա տուն և տեսնի, թե հասարակությունն իր մասին ինչ է ասում։

Վարչապետը հետաքրքվեց, թե որն է իրենց պահանջը, երիտասարդներն ասաց, որ Արայիկ Հարությունյանը տապալել է գիտության և կրթության ոլորտները, վարչապետն էլ արձագանքեց. «Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկը չէր բողոքի, չէ՞: Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում կրթական քաղաքականություն չի իրականացնում, կառավարությունն է իրականացնում, և ես երեկ կառավարության նիստում դրան անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, թե ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ էլ՝ ազգային: ՀՀ-ում մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել: Այլ հարց է,  եթե լսելու խնդիր կա։ Ես երաշխավորում եմ, որ դա կուղղվի․ հիմա ես եկել ու Ձեզ լսում եմ։  Միայն մի խնդրանք՝ եկեք փաստերն ու մեկնաբանությունները չնենգափոխենք»։

Բողոքի մասնակիցները նաև ասաց, որ նախարարն իրենց վիրավորել է, Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ թեև տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, բայց չի կարծում, որ նախարարը նման բան կաներ։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ գուցե, բովանդակային առումով ակցիայի մասնակիցները ճիշտ չեն հասկացել նախարարի ասածը. «Մենք բոլորս կովկասցի ենք, բարեբախտաբար, եկեք երկուսով խոսենք, կարող է մի բան դուք էնպես չասեք կամ...»։ Երիտասարդներից մեկն արձագանքեց. «Մենք կովկասցի չենք, պարոն վարչապետ, մենք արիացի ենք»։

Նրանք վարչապետին փոխանցեցին նաև թուղթ, որի վրա առանձնացրել էին նախարար Արայիկ Հարությունյանի վիրավորական արտահայտությունները՝ ուղղված իրենց,  ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կծանոթանա բովանդակությանը։ Նրանցից մեկն էլ պնդեց, որ իրենց  ժետոնը փոխանցի նախարարին, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ինքը հարյուր դրամ ունի, իսկ ժետոնը կպահեմ որպես հիշատակ»։

  • Կիսվել: