կիրակի, փետրվար 23
23 / 2 / 2020
Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն. վարչապետ

Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն. վարչապետ

Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր հայեցակարգին:

Վարչապետի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր աշխատունակ են, նրանց պետք է քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան՝ չաշխատել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկվող համակարգը շատ բարդ է, դեռ նախնական է, պետք է քննարկվի։ Ըստ նրա՝  առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, ինչպես նաև պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան մարդկանց կրթական կարիքները:

«Այսինքն՝ միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց որոշակի գումար վճարենք: Պետք է ճշգրտենք, այնպիսի օգնություն տրամադրենք, որպեսզի երեխաները և մեծահասակները  կարողանան կրթություն, հմտություններ ստանալ»,- ընդգծեց վարչապետը։

Նա նաև հայտնեց, որ աշխատանքային քննարկումներին զուգընթաց պետք է նաև հանրային քննարկումներ սկսել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում:

 

  • Կիսվել: