ուրբաթ, ապրիլ 3
3 / 4 / 2020
Հայ-Ռուսական համալսարանը` Հորիզոն 2020 Թվինինգի հաղթող

Հայ-Ռուսական համալսարանը` Հորիզոն 2020 Թվինինգի հաղթող

Հայ-Ռուսական համալսարանը ճանաչվել է Հորիզոն 2020 Թվինինգ (Horizon 2020 Twinning) ծրագրի հաղթող:

«Հայ-Ռուսական համալսարանը Եվրահանձնաժողովից ստացել է պաշտոնական նամակն առ այն, որ «Twinning to strengthen Russian-Armenian University's research and innovative capacity in Nanomaterials for Quantum Information and Quantum Optics» վերնագրով նախագիծը շահել է Հորիզոն 2020 Թվինինգ ծրագիրը՝ որպես համակարգող «15» հնարավոր առավելագույն միավորից ստանալով «14․5»»,- նշել է ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը։

Նա շեշտեց, որ վերոնշյալ նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում նանոնյութերի հետազոտությանը՝ քվանտային ինֆորմատիկայում և քվանտային օպտիկայում կիրառելու նպատակով։ «Թվինինգ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու գիտության և տեխնոլոգիաների կարողությունները: Այն օգնում է բարձրացնել հայտատու երկրի, հաստատության, ինչպես նաև թիմի գիտահետազոտական պրոֆիլը»,- ընդգծեց Դավիթ Հայրապետյանը՝ հավելելով, որ Հորիզոն 2020 Թվինինգ ծրագիրը շահելու գործում մեծ ներդրում ունեն Պայծառ Մանթաշյանը, ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Հայկ Սարգսյանը, ՀՌՀ-ի գլխավոր գիտական խորհրդատու, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը և ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Հորիզոն 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային հիմունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Հորիզոն 2020-ի Գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում (Spreading Excellence & Widening Participation) գործողության Թվինինգ ծրագրի նպատակն է Եվրամիության անդամ պետությունների առաջատար գիտական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ զարգացող երկրում իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող, միջազգայնորեն մրցունակ և առաջադեմ հետազոտական նախագիծ, որը կհամապատասխանի գերազանցության չափանիշներին:

ՀՌՀ մամուլի ծառայություն

  • Կիսվել: