շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Առողջապահական պարտադիր ապահովագրություն․ նոր հարկային բեռ, թե՞ արտոնություն ՀՀ քաղաքացիների համար

Առողջապահական պարտադիր ապահովագրություն․ նոր հարկային բեռ, թե՞ արտոնություն ՀՀ քաղաքացիների համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նորամուծությունը արդեն հասցրել է դժգոհությունների մեծ ալիք բարձրացնել: Խոսքը առողջության պարտադիր ու համապարփակ ապահովագրության ներդրման մասին է:

Բանն այն է, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», որի համաձայն, ՀՀ բոլոր աշխատող և ինքնազբաղված քաղաքացիներն առողջության հարկ կվճարեն:

Այսպես, ավելի քան 150 հազար դրամ ստացողների համար, որոնք կազմում են աշխատողների 59%-ը, դա կկազմի աշխատավարձի 4-6%-ը: Նախարարության դիտարկմամբ, դա կմեղմվի եկամտահարկի համահարթեցման արդյունքում, քանի որ եկամտահարկը 2021թ-ից նվազեցվում է 4%-ով, և ակնկալվում է, որ առողջության հարկըէ սահմանված 6 տոկոս, չի ունենա զգալի բացասական ազդեցություն այս խմբի աշխատողների եկամուտների վրա: Իսկ շուրջ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, որոնք 41%-ն են, ըստ նախագծի, առողջության հարկը չի լինի հավելյալ բեռ:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որով անկախ սոցիալական կարգավիճակից՝ բնակչության բոլոր, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձինք, կունենան առողջության ապահովագրական միևնույն փաթեթը։

Ըստ աղբյուրի, հաշվարկված և կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77 274 դրամ: Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից:  Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ապահովագրական համակարգի ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

Նշվում է, որ հիմնական ծառայություններ ստանալու տեսանկյունից չեն տարբերվի հարուստների և աղքատների կամ սոցիալապես անապահովների համար գոյություն ունեցող պայմանները, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դրանց մատուցման որակը։ Նաև՝ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում մարդիկ չեն մտածի գումարներ հայթայթելու, վարկեր վերցնելու, պարտքով գումար խնդրելու կամ անձնական գույք վաճառելու մասին։

Նախագծի հեղինակները նկատում են, որ ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով նրանց շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում:

«Ֆինանսական միջոցների պակասը խոչընդոտում է համակարգի զարգացմանը և բուժօգնության որակի բարելավմանը, նպաստում է բազմաթիվ ընտանիքների աղքատացման առողջապահական աղետալի ծախսերի պատճառով, խոչընդոտում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը», նշված է նախագծում:

Համակարգի ներդրման արդյունքում, ԱՆ-ն ակնկալում է, որ նվազագույնի կհասցվեն բժշկական անձնակազմին անմիջականորեն վճարվող գումարները կամ բժիշկներին տրվող ոչ պաշտոնական վճարները:

Նախագծում առողջության համակարգի ապահովագրության ներդրման համար 6 տոկոս կազմող հարկատեսակը անվանվում է առողջության հարկ, ձևավորել միասնական գնորդի/վճարողի սկզբունքով գործող պետության կողմից հիմնադրված հանրային կառույց` Հիմնադրամ, որը պետք է ապահովի ապահովագրության համար հավաքագրվող գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետ մեխանիզմների կիրառումը: Այս համակարգի ներդրման արդյունքում նախատեսում են նաև լուծարել Պետական առողջապահական գործակալությունը, ներդնել բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարման մոդելներ, ինչը ենթադրում է պետական մասնաբաժնով բժշկական որոշ կազմակերպություններ մասնավոր կառավարման հանձնում, պետական բաժնեմասերի օտարում:

«Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավում, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության դեպքերի նվազում, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին», նշված է նախագծում:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը վրդովված է առողջապահության նախարարի նորամուծությունից: Նրա ներկայացմամբ, լավ կլիներ, որ գրեին, թե նախագծի իրականացման արդյունքում ակնկալում են «բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների կայուն շահույթի ապահովում, թե չէ հիմնավորման մեջ այսքան լոլո գրելու իմաստը ո՞րն է»:

«Հերթական անգամ անունը դնում են բարեփոխում, բայց բովանդակությունը, ըստ էության, էլի վարձու աշխատողից գումար գանձելն է», PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թադևոսյանը՝ շեշտելով, որ այս նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քայլ է:

Կազմակերպության նախագահի համար հատկապես անընդունելի է նախագծի այն դրույթը, որն ասում է. «Ապահովագրավճարների հաշվարկման հիմքում դնելով սոցիալական համերաշխության սկզբունքները, հնարավորություն է ստեղծվում բնակչության բոլոր խմբերին տրամադրել երաշխավորված անվճար ապահովագրական ծածկույթ»: «Լավ մինչև ե՞րբ սոցիալական համերաշխության սկզբունքի անվան ներքո պետք է համեմատաբար վճարունակ բնակչությանը «քերթել»: Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք», հարցեր է բարձրացնում Թադևոսյանը:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրված նախագիծը, ճիշտ է, 54 տոկոս կողմ ձայներ է հավաքել, բայց դրա մեկնաբանություններում շատ են դժգոհությունները:

Օգտատերերից մեկը պարզ հաշվարկ է ներկայացրել՝ նշելով, 400 հազար դրամ և 58 հազար դրամ ստացողների ստամոքսի խոցը բուժելը միևնույն արժեքն ունի, բայց այ 400 հազար դրամ աշխատավարձ ստացողից պետությունը գանձելու է տարեկան 288 հազար դրամ հարկ, իսկ 58 հազար դրամ աշխատավարձ ստացողից՝ 42 հազար դրամ:

Նույն օրինակը Փայլակ Թադևոսյանը պրոյեկտում է պատգամավորների վրա և ընդգծում. «ԱԺ պատգամավորի անվանական աշխատավարձը կազմում է 661,400 դրամ: «Առողջության հարկի» նախատեսված 6 տոկոս դրույքաչափով ներդրման արդյունքում հարկի տարեկան գումարը կկազմի 476,208 դրամ: Այսինքն ներկայիս առողջության ապահովագրության մոտ 100,000 դրամ կազմող գումարից 4.7 անգամ ավել: Կվճարեն նաև պատգամավորները, բայց կստացվի, որ առողջապահության համակարգը բարեփոխեց Արսեն Թորոսյանը: Բարի գալուստ Նոր Հայաստան»: Նրա հաշվարկներով, յուրաքանչյուր պատգամավոր հոգում է 6 քաղաքացու առողջության ծախսերը:

 

 

  • Կիսվել: