չորեքշաբթի, հունվար 22
22 / 1 / 2020
Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին հանձնեցին

Արցախում մահացած Արթուր Աջամյանին այսօր հողին հանձնեցին

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 5–ին, տեղի ունեցավ Արցախում մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հուղարկավորությունը, տեղեկացնում է News.am-ը:

Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանի խոսքով՝ Արթուրը վերջերս էր տեղափոխվել իրենց գյուղ, բայց, որքանով հասցրել է շփվել տղայի հետ, միայն դրական տպավորություն ունի. «Զինվորի մասին կարող եմ միայն աշխարհի ամենալավ բաները ասել։ Իր հետ շփում ունեցել եմ, շատ հանգիստ, խելոք, ընկերասեր եւ հարեւանասեր երիտասարդ էր։ Վերջին 2 տարին է մեր համայնքում բնակվել, մինչ այդ Մասիսում իր մայրիկի հետ էր ապրում»։

Մահացած զինծառայողի մորեղբոր խոսքով՝ Արթուրը ոչ մի փաստաթուղթ չի ունեցել եւ ինքնակամ էր ներկայացել զինվորական կոմիսարիատ. «Տաղանդավոր եւ խելոք երիտասարդ էր, շառից ու փորձանքից հեռու, ոչ խմում էր, ոչ՝ ծխում։ Ոչ մի փաստաթուղթ չի ունեցել, ինքն իր հոժար կամքով ներկայացել էր զինկոմ ու կամավոր գնացել էր ծառայության, որպեսզի հայոց բանակում ծառայեր»։

Հարազատները News.am-ի հետ զրույցում ասացին, որ դեպքի առավոտյան են զանգել եւ հայտնել Արթուրի մահվան լուրը։ Հիմա էլ սպասում են, որպեսզի քննությունն ավարտվի եւ պարզ դառնա, թե որն է եղել մահվան պատճառը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Նախօրեին զինծառայողի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելով իրենց տղայի հետ կատարվածը չորակել ինքնասպանություն, գտնել և պատժել իրական մեղավորներին։

  • Կիսվել: