չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Զորամասում մահացած զինծառայողի մարմնի վրա հայտնաբերվել է 22 վնասվածք. Ժաննա Ալեքսանյան

Զորամասում մահացած զինծառայողի մարմնի վրա հայտնաբերվել է 22 վնասվածք. Ժաննա Ալեքսանյան

Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտըպան Ժաննա Ալեքսանյանը:

«Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»,-մանրամասնել է Ժաննա Ալեքսանյանը:

Նշենք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը:

  • Կիսվել: