կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
ՓՊ-ն կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ

ՓՊ-ն կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատում զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փաստաբանական պալատից:

Հայկ Ալումյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել:

Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է նրա նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման  հատկանիշներով:

Ըստ ԶԼՄ հրապարակումների` Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց … դե, նա շատ կատուներ է պահում»:

Կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով:

Փաստաբանների պալատը հարկ է համարում արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

 

  • Կիսվել: