շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետը քրեական գործի թիրախում է, բայց նա Հայաստանում չէ

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետը քրեական գործի թիրախում է, բայց նա Հայաստանում չէ

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Վերահսկողական ծառայության նախագահ Հովհաննես Հովսեփյանը հայտնվել է իրավապահների թիրախում: Իրավապահ մարմիններում PrimeNews.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Հովհաննես Հովսեփյանը անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով, որն այժմ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննես Հովսեփյանը, սակայն Հայաստանում չէ: Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում այս քրեական գործի նախաքննության ընթացքի ու դրանով անցնող մեղադրյալների մասին: Սակայն PrimeNews.am-ին հայնտնի դարձավ, որ նա անցնում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը կեղծելու գործով: Գործով պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշմամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Դ...» ՍՊԸ-ի միջև կնքվել է հրաժարագնի պայմանագիր:

Դրանով 2015թ. սեպտեմբերին տրամադրված բյուջետային վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վերոնշյալ հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասն օտարվել են պետությանը՝ 2017թ. նոյեմբերի դրությամբ 1.240.423.000 դրամ գնահատված շուկայական արժեքով, որն ամրակցվել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Պարզվել է, որ ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման և վերը նշված գույքի գնի սահմանման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և գլխավոր տնօրենի կողմից հաստատված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը:

Հատկանշական է, որ նշված հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության որոշումն ընդունվելուց ընդամենը մեկ օր առաջ։ Ընդ որում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2019թ. ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում՝ ՀԲ թիմը վերոնշյալ տարածքը համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար նպատահարմար չի համարել։

Նախարարության պատվերով 2019թ. իրականացվել է նշված գույքի շուկայական արժեքի գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության համաձայն տարածքի և դրան հարակից չկառուցապատված հողամասի շուկայական արժեքը կազմում է ընդամենը 321.700.000 դրամ, այսինքն պետությանն օտարված արժեքից 918.723.000 դրամ պակաս։ Ավելին, ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նշված շենքում գտնվող 1-ին հարկի կամ նկուղային այլ տարածքներ օտարվել են 1 ք/մ-ն ընդամենը 162.000-ից առավելագույնը մինչև 217.000 ՀՀ դրամ գնով:

Մինչդեռ նշված հասարակական նշանակության տարածքը, որի հարկայնությունը կադաստրի տվյալներով նշված է նկուղային, 2017թ. նոյեմբեր ամսին պետության կարիքների համար օտարվել է 1 ք/մ-ն մոտ 600.000 դրամով։ Նշված փաստերը վկայում են, որ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվության տվյալները իրականությանը չեն համապատասխանում։

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշման նախագիծը, որով կատարվել է օտարումը, ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից: Այսպիսով, 2017թ.-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հաստատվել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթ՝ շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն:

Դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել անարժանահավատ տվյալներ: Արդյունքում շուրջ 321.700.000 դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը, իբր պետական կարիքների համար, պետությանն օտարվել է 1.240.423.000 դրամ պարտավորության դիմաց, այսինքն շուկայական գնից շուրջ երեք անգամ ավելի գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական հանգամանքներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածի 1-ին մասով:

  • Կիսվել: