չորեքշաբթի, նոյեմբեր 20
20 / 11 / 2019
Իշխանության յուրացում չկա. Կառավարությունը արձագանքել է Արարատ Միրզոյանի լեգիտիմության վերաբերյալ կասկածներին

Իշխանության յուրացում չկա. Կառավարությունը արձագանքել է Արարատ Միրզոյանի լեգիտիմության վերաբերյալ կասկածներին

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի կողմից ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի զբաղեցնելը իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, PrimeNews.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանել են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մեկնաբանելով հրապարակումներն առ այն, որ Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել, և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար:

Գրավոր պատասխանում կառավարությունից վկայակոչել են ՀՀ Սահմանադրությունը, ներկայացրել ընթացակարգերը և պնդել, որ Հայաստանի օրենսդրության որևէ խախտում չի կատարվել։

Ներկայացնում են կառավարության գրավոր պատասխանն ամբողջությամբ.

«ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածի համաձայն Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված դեպքերում ՀՀ նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը։ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը։ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը։

Անհրաժեշտ է փաստել, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին վարչապետի կողմից հրաժարական է ներկայացվել, ինչն իր հերթին վկայում է կառավարության հրաժարականի ներկայացում Հանրապետության նախագահին ինչպիսի պայմաններում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունել է այն, որից հետո կառավարության անդամները շարունակել են իրենց պարտականությունների կատարումը, ընդ որում՝ Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի անհապաղ ընդունումն արդեն իսկ վկայում է կառավարության անդամների՝ իրավունքի ուժով ազատված լինելու մասին։

Հարկ է ընդգծել, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 16-ից առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, իսկ 2019 թվականի հունվարի 14-ին վերջինս ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ։

Տվյալ դեպքում ՀՀ նախագահի կողմից Արարատ Միրզոյանի՝ որպես առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիր չի ընդունվել, քանի որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին կառավարության հրաժարականն անհապաղ ընդունվել էր Հանրապետության նախագահի կողմից։

Բացի այդ, Սահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է ոչ թե կառավարության անդամի պաշտոնակատարի, այլ միայն կառավարության անդամի նշանակման կամ ազատման կարգավորումները։

Ամփոփելով վերոգրյալը, անհրաժեշտ է արձանագրել, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի կողմից ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի զբաղեցնելը իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան»։

Ավելի վաղ PrimeNews.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասել էր, որ օրենսդրության խախտում կա և ավելին, նկատել, որ իշխանության յուրացման հանցակազմ կարող է համարվել միաժամանակ երկու պաշտոնների համատեղումը։ Նա մեզ հետ զրույցում անհրաժեշտ էր համարել, որ այդ հարցով զբաղվեն իրավապահ մարմինները։ Դատախազությունից էլ նշել էին, որ խնդրի վերաբերյալ մամուլի հրապարակումները ֆիքսվել են և կատարվում են ուսումնասիրություններ։   

 

 

  • Կիսվել: