ուրբաթ, նոյեմբեր 15
15 / 11 / 2019
ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից

ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

 Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձեւի ընդունմանը:

«Կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի եւ ողջ մարդկության համար, որովհետեւ բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման եւ դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, եւ մենք կարող ենք փակել այս էջը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա ողջունել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը եւ նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարեւոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ եւ այլն:

ԱԺ նախագահը եւս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանում տեղի ունեցած եւ տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները նոր հիմք են, որպեսզի ՀՀ- ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները մի նոր մակարդակի հասցվեն եւ է՛լ ավելի զարգանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար եւ առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական եւ բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր մասնավորապես զբոսաշրջության, ջրային կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից եւ վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Արարատ Միրզոյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակումը Հայաստանում բարեփոխումների ընթացքում:

  • Կիսվել: