կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
1996 թ. ընտրությունները չէին արտացոլում այն իրողությունը, որը կար. Սիմոնյան

1996 թ. ընտրությունները չէին արտացոլում այն իրողությունը, որը կար. Սիմոնյան

«Խնդրում եմ ձեզ, որպես իմ հայրենակիցներ, նման հարցերն այլեւս չդնել շրջանառության մեջ, որովհետեւ ես զրուցել եմ ռուս գործընկերների հետ, նման օրակարգ չի եղել։ Դա եղել է ռուս գործչի անհատական կարծիքը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում Նժդեհի օրակարգ լինել-չլինելու մասին հարցին, պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա ասաց, որ Գարեգին Նժդեհի օրակարգ հայ-ռուսական հարաբերություններում չկա, դա օրակարգ մտցնում է արդրբեջանական կողմը։

Սիմոնյանն անդրադարձավ Միլանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար՝ 1996 թվականից ի վեր: Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը համաձա՞յն է այդ գնահատականին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության հետ կապված՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «Այդ հայտարարությունը հետապնդել է անկեղծություն և ՀՀ քաղաքացիների հետ ազնիվ լինելու նպատակ։ Ես չեմ ասում, որ որեւէ մի քաղաքական գործիչ չարիք է եղել ընտրությունների հետ կապված։ 1996 թվականի ընտրությունները չէին արտացոլում այն իրողությունը, որը կար։ Եվ դրան հետեւեց հրաժարականը, որը նաեւ այդ 1996 թվականի ընտրությունների պատճառ էր հանդիսանում»։

Լրագրողների դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քաղաքական պայքարի էր դուրս եկել, Սիմոնյանը պատասխանեց. «Բոլորս բոլորի հետ քաղաքական պայքարի ենք դուրս եկել, եւ չեմ կարծում, որ դրա հետ կապված պետք է ավելորդ մեկնաբանություն տալ։ Ես եղել եմ «Ժառանգություն» կուսակցությունից եւ սատարել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին»։

  • Կիսվել: