շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Մի տեղ ՆԱՏՕ-ն իր պարտականությունների կատարումից հետ է մնում. թուրք նախարար

Մի տեղ ՆԱՏՕ-ն իր պարտականությունների կատարումից հետ է մնում. թուրք նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի 70-ամյանին կապակցությամբ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին ընդառաջ հոդված է հրապարակել Euronews-ում, տեղեկացնում է ermenihaber-ը:

Հոդվածի հիմնական թեման դաշինքի ու Թուրքիայի միմյանց նկատմամբ ունեցած պարտականությունների կատարումն է, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում Անկարայի նախաձեռնակած ռազմական գործողությունների համատեքստում:

Աքարը նշել է, որ Թուրքիան միշտ պարտաճանաչ կերպով կատարել է Դաշինքի հանդեպ ունեցած իր պարտականությունները և այսօր էլ շարունակում է կատարել: նա ասել է. «Թուրքիան, որը Դաշինքի ամենահին անդամներից է, ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանակն ունի և տարեկան իր ՀՆԱ-ի 1.9 տոկոսն է փոխանցում Դաշինքին: Կորեական պատերազմից մինչև Բալկաններ ու Աֆղանստան՝ մեր զինվորները աշխարհի բոլոր ծայրերում մասնակցել են ՆԱՏՕ-ի գործողություններին ու զորավարժություններին»:

Թուրք նախարարը շեշտել է, որ Սիրիայի Իրաքի, Իրանի ու Ռուսաստանի հարևանությամբ գտնվող Թուրքիան «սառը պատերազմի» տարիներին տասնյակ տարիներով դիրքավորվել է Դաշինքի ճակատում: «Չնայած ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն աշխարհի մի շարք տարածաշրջաններում վճռականորեն պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն մի տարածաշրջան կա, որտեղ իրենց պարտականությունների կատարումից հետ են մնում»,-նշել է Աքարը և Դաշինքի անդամներին մեղադրել քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած ռազմական գործողությունները չսատարելու համար:

  • Կիսվել: