կիրակի, հունվար 19
19 / 1 / 2020
2019 թ. ամփոփելիս կունենանք 49 %-ից ավելի և 50 %-ից ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցություն. Ջանջուղազյան

2019 թ. ամփոփելիս կունենանք 49 %-ից ավելի և 50 %-ից ցածր պարտք-ՀՆԱ հարաբերակցություն. Ջանջուղազյան

Տարեվերջին 2019 թ. բյուջեի օրենքի քննարկումների ընթացքում կանխատեսված մեծությունից ավելի ցածր պարտք կունենանք, որովհետև վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով համեմատաբար ավելի ցածր կատարման ցուցանիշներ ունենք,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ մենք լավատես ենք, որ համոզված ենք, թե տնտեսական ցուցանիշներն ավելի լավն են լինելու, քան այն, ինչ կանխատեսել ենք բյուջեն հաշվարկելիս:

Ջանջուղազյանն ասաց նաեւ. «Բացի նրանից, որ կունենանք համեմատաբար ավելի ցածր անվանական ցուցանիշ, կունենանք նաև համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցության: Եթե 2019-20 թթ. միջնաժամկետ ծրագրով կանխատեսել էինք, որ աստիճանաբար կիջնենք 50 տոկոսի շեմից ներքև, և 2019 թ. կլինի 50 տոկոսը գերազանցող կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցություն, հիմա կարծում ենք, որ այն կլինի 49 տոկոսից ավելի և 50 տոկոսից ցածր»:

Ըստ նախարարի՝ 2020 թ. հաստատված օրենքով գործառնությունների արդյունքում ակնկալվում է, որ ՀՆԱ-ի հարաբերակցությամբ պարտքը կկազմի մոտ 48.2 տոկոս:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ Ջանջուղազյանն ասաց, որ պետք է կարեւորել վարձատրության համակարգը. «Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ Ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պարգևավճարներ տալու պոտենցիալ հնարավորություն: Արդյոք դրանք կառաջացնե՞ն նույն արձագանքը, ինչ անցած տարի, կյանքը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է գույքահարկին՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց. «Մենք պետք է ինքներս մեզ կարողանանք խոստովանել, որ միշտ չէ, որ գույքահարկն արտահայտում է իրական վիճակը, վճարվող չափերը միշտ չէ, որ տրամաբանական են, մյուս կողմից ունենք համայնքային ծառայությունների կարիք, որոնք չեն իրականացվում: Հիմա մի կողմից ուզում ենք, որ իրավիճակը կտրուկ փոխվի, և մենք լավ որակի ծառայություններ ստանանք, բայց մյուս կողմից մեր ակնկալիքն այն է, որ մեր փոխարեն որևէ մեկն անի, ոչ մեկը մեր փոխարեն դա չի անելու»:

 

 

  • Կիսվել: