կիրակի, դեկտեմբեր 8
8 / 12 / 2019
Մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է․ Նիկոլ Փաշինյան

Մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է․ Նիկոլ Փաշինյան

Մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այս մասին Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝  ISPI ուղեղային կենտրոնում,  «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը իր ելույթում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով հանգեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական բռնկմանը:»,- ասաց վարչապետը։ 

Իր ելույթում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախապատմությանը Փաշինյանն ասաց, որ այն տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձևով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների և այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է:  «Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, պետք է իմանա հակամարտության նախապատմությունը: Այս հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձևով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների և այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է:

Հակամարտության արմատներն սկիզբ են առնում Խորհրդային միության վաղ ժամանակներից, երբ Կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց հայկական այդ շրջանը, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին: Դա տեղի է ունեցավ 1920-ականների սկզբին բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։
Խորհրդային տարիներին հակամարտությունը դրսևորվում էր համակարգված և բռնի խտրական վերաբերմունքով հայ բնակչության նկատմամբ, ովքեր հենց Խորհրդային միության փլուզման նախօրեին՝ 1988 թվականին, ինքնորոշման հայտ ներկայացրին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայության ցանկությանը՝ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին խիստ միջոցներ՝ ռազմաոստիկանական ուժի կիրառմամբ այս շարժումը խափանելու համար: Հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններով ուղեկցվող էթնիկ զտումներ իրականացվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շատ շրջաններում:
Այնուհետև, քանի որ Խորհրդային կայսրությունը կազմալուծման գործընթաց էր ապրում, մյուս հանրապետությունների պես Ադրբեջանը ևս դուրս եկավ ԽՍՀՄ-ից: Համաձայն Խորհրդային միության սահմանադրության, եթե որևէ անդամ-հանրապետություն հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնանալու մտադրության մասին, նրա իրավասության տակ գտնվող ինքնավար մարզերն իրավունք ունեին որոշել իրենց կարգավիճակը, ընդհուպ այդ հանրապետությունից անջատումը։


Օգտվելով Սովետական սահմանադրությունից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կիրառեց ինքնորոշման իր իրավունքը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անկախություն հռչակեց ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը Խորհրդային միությունից անջատվեց:
Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ուժ կիրառեցին հայերի դեմ: Նրանք ծավալեցին լայնամասշտաբ պատերազմ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Ի պատասխան գոյապահպանական այդ սպառնալիքին՝ հայերը, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բնակչության մոտ 80 տոկոսը, դիմեցին ինքնապաշտպանության: Նրանց հաջողվեց պաշտպանել իրենց հողը և ստիպել, որ Ադրբեջանը համակերպվի նոր իրավիճակի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12-ին:

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն սկսվել է դեռևս 1992 թվականին՝ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ: Միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Այս փաստը վերահաստատվեց 90-ականների սկզբի բազմաթիվ միջազգային փաստաթղթերով:

Իսկապես, երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ որպես բանակցային գործընթացի կողմ: 1990-ականների սկզբին նույնիսկ մի շարք հանդիպումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։»

Նա նաև նշեց, որ իտալացի ականավոր քաղաքական գործիչ և դիվանագետ Մարիո Ռաֆայելլին, ով մեծ ջանքեր գործադրեց տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար, Մինսկի կոնֆերանսի նախագահն էր՝ առաջին միջազգային գործիչը, ում 1990-ականների սկզբին վստահվեց հակամարտության կարգավորման հարցը։

«Մինսկի խմբի հանդիպումները, որին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, կայացան Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաքում:
Ցավոք, չնայած տասնամյակներ շարունակ միջազգային միջնորդների գործադրած ջանքերին, ղարաբաղյան հակամարտությունը դեռևս մնում է չլուծված:
Որո՞նք են այս իրավիճակի պատճառները:
Նախ և առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը: Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է: Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս: Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Սա մի փոքր տարօրինակ չէ՞:
Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից:


«Չի բացառվում ռազմական լուծումը», - դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասվում էր Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունվարի կառավարության նիստում արված հայտարարության մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը:


«Մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը, և ես հավատում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից մեկն է»: Այս խոսքերն ասվել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ ասված է. «… մեր ռազմական ուժերը և մեր ուժը հանդիսանում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմնական գործոնները» - մեջբերման ավարտ:
Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ: Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում: Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում:


Ես այդ քաղաքականության որոշ կոնկրետ օրինակներ կբերեմ գործողության մեջ:
Ցանկացած օտարերկրացի, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում: Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ: Որևէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան: Նման դեպք տեղի ունեցավ ԱՄՆ քաղաքացիությամբ Bloomberg-ի լրագրող Դիանա Մարկոսյանի հետ, ում 2011 թվականին արգելվեց մուտք գործել Ադրբեջան:
2014 թվականին դա տեղի ունեցավ թուրք նվագախմբի երաժիշտ Ռաֆեր Նոյանի հետ, ով ուներ հայկական ազգանուն: 2016 թվականին դա պատահեց ութ տարեկան երեխայի՝ Լուկա Վարդանյանի հետ, իսկ 2018 թվականին՝ ռուսաստանցի ութսունամյա թոշակառու Օլգա Բարսեղյանի հետ:
2017 թվականին հայկական ծագմամբ մի կնոջ իր 4-ամյա երեխայի հետ երեք ժամ պահել են Բաքվի օդանավակայանում, այնուհետև արտաքսել: Այս ցանկը շարունակելի է:
Բայց թերևս ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, որը բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում՝ Ադրբեջանի մայրաքաղաքում, ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելել էին Մխիթարյանի անունով վերնաշապիկները: Իսկ դրանք կրող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվում էին Բաքվի փողոցներում:


Այս քաղաքականությունը երբեմն նույնիսկ ծիծաղելի դրսևորումներ է ունենում: Ընդամենը մի քանի օր առաջ մի վարորդի բերման ենթարկեցին Բաքվում՝ պարզապես հայկական փոփ երգ լսելու համար:
Բայց ամենաողբերգականն ու ցինիկը Ռամիլ Սաֆարովի մասնակցությամբ դեպքն էր, ով Բուդապեշտում կացնով սպանեց ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող իր հայ դասընկերոջը քնած ժամանակ: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետև Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին: Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց. բարձրացվեց նրա զինվորական կոչումը և շնորհվեց բնակարան։

Անկախ այս բոլոր հանգամանքներից՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:
Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձևի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում:
Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։
Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիևից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ:
Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:
Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:
Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետևանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում և Իրաքում, և այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար:
Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արևելքից և արևմուտքից:

Լեռնային Ղարաբաղը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար: Հնարավոր չէ լուծել այն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության: Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով: Ես նկատի ունեմ Ադրբեջանի կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և Հայաստանի կառավարությանը։
Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա է մեր մոտեցումը, և մենք պատրաստ ենք բանակցել այս նոր պարադիգմի հիման վրա:
Եզրափակելով խոսքս` կցանկանայի ասել, որ այստեղ գալուց առաջ այցելեցի ինստիտուտի կայքը և աչքիս զարնեց քննարկումների վերնագրերից մեկը՝ «Թանաքն արյունից լավ է»: Այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել: Արդ մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և մեր տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար:»

  • Կիսվել: