հինգշաբթի, փետրվար 27
27 / 2 / 2020
Կգա ժամանակ, երբ հայկական այս տարբերակը կկիրառեն նաև այլ երկրներում. գնդապետը՝ «ոսկե ժամ»-ի մասին

Կգա ժամանակ, երբ հայկական այս տարբերակը կկիրառեն նաև այլ երկրներում. գնդապետը՝ «ոսկե ժամ»-ի մասին

Ե՛վ արցախյան պատերազմը, և՛ 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հայկական ռազմական բժշկությունն այնպիսի զարգացում է ապրել, որ կայացված որոշումները, անգամ պահի տակ՝ երբեմն չգիտակցված, եղել են ճիշտ, ինչի արդյունքում քիչ կորուստներ ենք ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ շրջանառվեց «ոսկե ժամ» հասկացողությունը: Դա այն ժամանակն է, որի ընթացքում մենք կարողանում ենք որակյալ բժշկական օգնություն ցույց տալ: Այսինքն՝ այդ ժամանակը որքան կարճ է լինում, այնքան հնարավորություն է լինում, որ անդառնալի կորուստ չենք ունենալու: Ապրիլյանի ժամանակ միջազգային, ռուսական ստանդարտների համադրմամբ՝ մեր գործընկերները կարողացան այդպիսի ցուցանիշներ արձանագրել: Ասում էին՝ սա հայկական տարբերակն է, իրականում այդպես է: Հիմա մենք աշխատում ենք այդ տարբերակի զարգացման ուղղությամբ, խնդիրներ են դրվում մեր առջև վերադասների կողմից»:

Գնդապետն ասաց, որ կգա ժամանակ, երբ հայկական այս տարբերակը կկիրառեն նաև այլ երկրներում:

  • Կիսվել: