շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առթիվ մատուռ-մկրտարան բերվեց Ս. Գեղարդը

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առթիվ մատուռ-մկրտարան բերվեց Ս. Գեղարդը

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Շնորհառատ տոնի առիթով Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ:

Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:

Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ հայորդի ուխտավորներ:

Ս. Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Ս. Գեղարդը:

Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորաբար ժամանած հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Ս. Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։

Աստվածամուխ Ս. Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

  • Կիսվել: