շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2019

ՌԴ-ն հետաքրքրված է ԼՂ կարգավորման վստահության միջոցների մասին պայմանավորվածությունների իրականացմամբ. Լավրով

Մոսկվան հետաքրքրված է, որ ղարաբաղյան կարգավորման վստահության միջոցների շուրջ պայմանավորվածություններն իրականանան. կարեւոր է խուսափել հռետորաբանությունից: Այս մասին ասել է այսօր Բաքու ժամանած՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ վաղը բանակցություններ կանցկացվեն Լավրովի և նրա ադրբեջանցի պաշտոնակցի միջև:

«Մենք հետաքրքրված ենք այն բանում, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները՝ հումանիտար կապերի կարգավորման, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթաժողովում եւ վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն։ Դրանք աստիճանաբար իրականացվում են, եւ հուսով եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների այս շաբաթ նախատեսված հանդիպումը թույլ կտա համախմբել այդ գործընթացները»,-ասել է Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ նշել է. «Երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռեւս շատ բան պետք է անել։ Լիովին համաձայն եմ ձեր այն թեզիսի հետ, որ այստեղ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել երկու երկրների կողմից եւ ամրագրվել ՄԱԿ կանոնադրությունում ու Հելսինկյան ամփոփիչ ակտում»:

  • Կիսվել: