ուրբաթ, նոյեմբեր 22
22 / 11 / 2019
ԼՂ սահմանների առումով անցյալին վերադառնալն անհնար է. Բաբայանը՝ ԵԽ արտաքին հարցերով խորհրդատուին

ԼՂ սահմանների առումով անցյալին վերադառնալն անհնար է. Բաբայանը՝ ԵԽ արտաքին հարցերով խորհրդատուին

Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով խորհրդատու, Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի Համար» կուսակցության ներկայացուցիչ Ստեֆեն Բրայան Աթքինսոնի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ համաշխարհային աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր և ընդգծել շփումները շարունակական դարձնելու կարեւորությունը:

Ինչպես իր էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ինքը ներկայացրել է Արցախի պահպանողական կուսակցության ծրագիրը, անդրադարձել կուսակցության պետականաշինության տեսլականին եւ արտաքին քաղաքականության փիլիսոփայությանը:

Բաբայանը նշել է, որ ԱՊԿ արտաքին քաղաքականության փիլիսոփայության հիմքում ընկած են հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքները, ինչը նախատեսում է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ տարբեր երկրների հետ: Նա շեշտել է, որ դա պայմանավորված է ե՛ւ մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, ե՛ւ հայկական սփյուռքի առկայությամբ:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ դրա հիմքում պետք է ընկած լինի կարգավիճակի եւ սահմանների առումով անցյալին վերադառնալու անհնարինությունը:

«Շատ օգտակար եւ հետաքրքիր հանդիպում էր»,-եզրափակել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

  • Կիսվել: