երկուշաբթի, ապրիլ 6
6 / 4 / 2020
Մենք լիարժեք վստահում ենք ձեզ. նախարարը՝ հեռավար դասավանդմանն անցած ուսուցիչներին

Մենք լիարժեք վստահում ենք ձեզ. նախարարը՝ հեռավար դասավանդմանն անցած ուսուցիչներին

Այս ոգևորությունը և ներգրավվածությունը չէի սպասում ու ակնկալում, որովհետև մտածում էի, որ սա նոր բան է, նոր գործիքներ պիտի կիրառվեն, որոնց մեր հարգարժան ուսուցիչներից շատերը ծանոթ չեն։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հեռավար կրթությանը:

Դիմելով ուսուցիչներին՝ նա նշեց, որ վերջիններիս ներգրավվածությունն ու ոգևորությունը շատ գովելի է։  

Նախարան ասաց. «Միանշանակ պետք է ասեմ, որ ուսուցիչները մեր բժիշկների, անվտանգության ծառայությունների հետ միասին այն խումբն են, որ արտակարգ դրության այս օրերին կարևոր դեր են կատարում․ իրականացնում են մեր աշակերտների կրթության իրավունքը և ապահովում կրթական գործի շարունակականությունը»:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին և ասաց, որ նրանց ներգրավվածությունը թույլ կտա հետագայում ունենալ կայացած հեռավար կրթության համակարգ, կատարելագործել և նոր գործիքներ կիրառել կրթության բնագավառում։

Նա ուսուցիչներին վստահեցրեց, որ այս ջանքերը իզուր չեն անցնելու, հենց ուսուցիչներն են հետագա կրթական ծրագրերը զարգացնողները։

Նախարարը նաև խնդրեց ուսուցիչներին շատ չծանրաբեռնել աշակերտներին, որպեսզի նրանք նույն ոգևորությամբ շարունակեն հեռավար կրթությանը մասնակցել, ինչպես նաև լրացնել նոր գործարկված էլեկտրոնային մատյանը՝ ասելով, որ 36 հազար գրանցված ուսուցիչներից մեկ օրվա ընթացքում լրացրել են 3 հազարը: Նա այս արդյունքը համարեց գովելի ։

«Մենք լիարժեք վստահում ենք ձեզ։ Դուք շատ կարևոր գործ եք անում մեր երեխաների, մեր պետության ապագայի համար»,-եզրափակեց Հարությունյանը:

 

  • Կիսվել: